Աղոթքի գույնը

img_3330 «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կենսագրության մեջ հատկապես յուրահատուկ ու հիշվող են ճամփորդությունները. համերգ-ելույթներ, սիրելի մարդիկ, հետաքրքիր, զվարճալի դեպքեր, հիշողություններ, լուսանկարներ, նոր ծանոթություններ, նոր համագործակցություն:

Վերջին շրջանում ինձ համար, թերեւս, ամենատպավորիչը երեկ դեպի Ջրվեժ, ապա, Սբ. Գեղարդի վանք կատարած կենսամշակութային արշավն էր (այս տարվա առաջին համերգ-ճամփորդությունը):

Առաջին անգամ երգչախմբով հանդես եկանք Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում, ստացանք նշանավոր Տեր Կյուրեղի օրհնությունը: Ի՜նչ լավ էին ունկնդրում եկեղեցու հավատացյալները: Գաղտնիք չէ, թե բեմի մարդու համար որքան կարեւոր է ունկնդրի հետ հաղորդակցվելը, ստեղծագործության ոգին ու տրամադրությունը փոխանցելը: Որքան տպավորիչ էր միասնական հավաքը, ելույթը: Կարծես, կրթահամալիրյան առօրյայից մի դրվագ լիներ:

Զգացողությունները նոր գույն ստացան, երբ Չարենցի կամարի ներքո երգեցինք Տիգրան Մանսուրյանի, սեբաստացիներիս համար աղոթք դարձած «Ես իմ անուշ Հայաստանի» խմբերգը:

Իհարկե, մեր ճամփորդությանը մե՜ծ հմայք հաղորդեցին առատ ձյունը, հայաստանյան վեհ, բոլոր եղանակներին գրավիչ բնապատկերները, լեռները:

Գեղարդավանք … Ներքին թրթիռ, հուզմունք, ձայնային ֆանտաստիկ հնչողություն ու մաքրություն, նոր երանգներ, լի աղոթքով, գողտրիկ լույսով …

Պարզապես չես կարող չերգել, հեռանալն էլ հեշտ չէր: Ես այնտեղ բացահայտեցի մեր երգչախմբի նոր տեմբրը. գուցե աղոթքի գույնն էր:

Շնորհակալ եմ …

Հեղինսկ` Մերի Առաքելյան

Թողնել մեկնաբանություն