Ճամփորդելու, կյանքի համը չկորցնելու

Նախորդ տարիների ճամփորդությունների մասին ֆեյսբուքյան հիշեցումները, երգընկեր-գործընկերներիս կարոտած ախուվախերը, վերջին շրջանում՝ ինձ համար այնքան հակասական այս կարանտինային իրավիճակի վերաբերյալ անհագնստության կուտակումները հրահրեցին ճամփորդության կազմակերպմանը։ Առողջ ապրելու պայքարում հանկարծ սկսենք վախենալ իրարից, խուսափել, օտարանալ, աննկատ, չգիտակցված, կաթիլ-կաթիլ կորցնել ապրելու ցանկությունը, կյանքի որակը, երանգը, ապրելը դառնա մեխանիկական, ինչպես ռոբոտներ․ ամենամեծ վտանգը հիմա ինձ համար սա է։ Իմ միտքն ու գործողություններն էլ ընկերներիս, գործընկերներիս, հարազատներիս, իմ կյանքի համը չկորցնելուն են ուղղված․ թող ներող լինի պարետը, եթե իր սահմանած կանոններից երբեմն փոքր-ինչ շեղումներ կլինեն սրանով թելադրված, բայց այս ճամփից ինձ չեն շեղի, սուր են զգացումները և համաձայնեցված բնության ձայնի հետ։ Իսկ անհատական պատասխանատվությունն, իհարկե, արթուն է։

Որոշված է՝ ինչ խումբ էլ հավաքվի, գնում ենք․

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
– Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

Թումանյան

Հայրենագիտական երթուղին կազմեցինք մշտահաս հայրենագետ Իվետա Ջանազյանի հետ․․․
– Իվետ, որ Երևանից շատ հեռու չլինի, կանաչ լինի, դաշտային ծաղիկներ լինեն, քարափ լինի, գետ լինի, բարձունքից հայացք լինի, քայլք լինի, որ ծառերով տիտիկի տեղ լինի, եկեղեցի լինի․․․
Շնորհակալ ենք Իվետին, ողջ ընթացքում հեռավար ուղեկցեց, որ բան բաց չթողնենք։

Նոր Հաճնի կամուրջով Արգել-Քարաշամբ-Բջնի․ թվում էր անցել ենք այս ճանապարհով, եղել ենք այս գյուղերում, բայց ամեն ինչ այնքան նոր էր, անծանոթ։ Ամեն կանգառից նոր հայացք, հայրենաճանաչության բացահայտում, մի քանի քայլ այս կողմ այն կողմ՝ գողտրիկ չտեսնված տեսարան։

Նոր Հաճնի կամուրջից հայացքը՝ աշխարհ էր՝ Արա լեռով, Արագածով, Հատիսով։ Կամուրջը ոտքով, երգով անցանք

Արգելի (Լուսակերտ) հայտնի փռում ծես իրականացրինք․ համ գնալիս համ վերադառնալիս

Ամենաանսպասելին, իհարկե, Քարաշամբ գյուղում էր, փոքր, գողտրիկ արահատը եդեմ տարավ։ Մնացածը՝ տեսնելու է։

Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցում առաջին անգամ էինք երգում

Բջնիում անձրև սկսվեց, իրեն բնորոշ խուտուտով լրացուցիչ ուրախություն հաղորդեց։
Սուրբ Աստվածածին եկեղեցու խնամված բակն աշխույժ էր, եկեղեցում էլ մարդիկ կային, լուռ ունկնդրեցին մեր կատարումները, որից հետո տեր Արիստակեսը խնդրեց մեկ երգ էլ իր հետ միասին կատարենք՝ մի տուն ինքը, մի տուն մենք․ Տեր ողորմեան երգեցինք։ Առաջարկեց ցանկացած կիրակի այցելել, միասին պատարագ երգել։ Ուղեկցեց նկարվելու, տեղն էլ ինքը որոշեց։ Բակում էլ Բջնիի բերդի տեսարանով Շողեր ջանը շողշողաց․

Ուն կերևա, ձուն կերևա, Շողե՜ր ջան,
Բերդի տակին տուն կերևա, Շողե՜ր ջան

Երկար կպատմեի, բայց խոսքս կրճատեցի՝ փոխանցելով ընկերներիս, լուսանկարներին։

Լուսինե Նազարյան
Էս կարանտինից սիրով փախած, ամեն քար ու թփին կարոտած, ամեն քար ու թուփ գրկելու գնացած` ես ու իմ ճամփորդ ընկերները` մի կես խումբ երգչախումբ, մի խենթ, մի ծիծաղկուն հավաքանի, թեթև, անշտապ, վայելում էինք օրը` իրար։ Հրազդան գետի կարկաչի, ծաղկած քարափի, սմբուլի սոսափի տակ երգը աղոթք էր դառնում, պարը` ոգեղենություն, օրը` երբեք չմոռացվող։

Գոհար Եղոյան
Այսքան երկար չէի մնացել տանը։ Ես սովոր եմ քայլել, հաղթահարել, նոր տեսարաններ գտնել, բաց տարածքներ, ծառ ու ծաղիկ, սար ու չոլեր, քարափներ: Մեր կանաչ ճամփեն մինչև Բջնի էր` քունջուպուճախներով, կիրճերով, եկեղեցիներով, ծաղկած դաշտերով… Աչքս լիացավ, շունչս բացվեց, կարծես հարյուր տարի շունչս պահել էի, ինչ ազատ էի, ինչ թրթռուն… Թե չէ՝ քիչ էլ անցներ, ինձ սարերում բացակա էին դնելու․․․

Մարինե Ոսկանյան
Երգչախմբային ճամփորդություններն ինձ համար բացառիկ են: Ամեն անգամ մի նոր բացահայտումով, անմոռանալի տպավորություններով, լիարժեք հոգևոր ապրումներով վերադառնում եմ տուն: Ասում են պետք է ճամփորդես, որ բնությունը տեսնես, սիրես, վայելես, ինքն էլ քեզ տեսնի, սիրի ու վայելի: Էս են ճամբորդություններից էր, որ հավեսի գցեց սարից սմբուլ հավաքելու ու տուն բերելու: Բացահայտում էր ինձ համար այն, որ ես կտարվեմ այդ նրբագեղ բմբուլներով ու ցանկություն կունենամ, այն ինձ հետ տուն բերել: Այսօր առավոտից վայելում ու սիրում եմ իրենց ներկայությունը իմ տանը:
Բացահայտում էր նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, չէի եղել այնտեղ: Սիրով ու սերով որոշեցի հենց այնտեղ էլ կազմակերպել իմ առաջիկա պսակադրությունը:

Աննա Երիցյան
Շրջիկ, թափառող երգչախումբ… Ա՜խ, ինչքան եմ սիրում այս բառերով բնորոշումը մարդկանց այն խմբին, որոնց միավորում է սերը. սեր դեպի երգը, սեր դեպի բնությունը, սեր դեպի ոգեղենը: Երկարատև դադարից հետո մայիսի 24-ը հենց այդ օրն էր, երբ հանդիպեցինք «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի մեկ տասնյակ դասավանդողներով ու ճանապարհ ընկանք բացահայտելու մեր հայրենիքի Կոտայք մարզի ոգեղենը:
Աննայի նկարաշարը

Սյուզի Մարգարյան
Անուրանալի է կրթահամալիրի վաստակը հայ ազգային երգարվեստի զարգացման գործում՝ պանդեմիայով ու առանց պանդեմիայի: Կոմիտասյան հիասքանչ երգերով և անզուգական թափառումներով հայրանաճանաչ միասնականությունը իրական սիրո նվաճում է….. Շարունակե՛նք ղոչաղ կենալ․․․

Սեդա Թևանյան
Գարունը եղանակ չէ, գարունը մարդիկ են: Երգի ընկերներով, սահմանված կարգը չխախտելով վայելեցինք Գարունը: Ոգեղեն կիրակիներից ամենակիրակին էր: Ճամփորդելն ու մաքուր օդը մարդկանց մի փոքր ավելի երջանիկ է դարձնում` մանավանդ սեբաստացիներին:

Սուսաննա Դավթյան
Գարունս փրկվեց․ բանալի բառ-զգացողություններ՝ ճամփեք, կամուրջներ, քամի, անձրև, ծառեր, սագեր, քար ու թուփ, գետ՝ խշշան, թոնիր-լավաշ, կարոտ խոսք, կանաչ-կապույտ, կակաչներ, էլի կանաչ, թաց կանաչ, հին բերդ, խորան, Կոմիտասից՝ ելևէջներ որպես պարգև, երգընկերներ, թռիչք․․․ Շնորհակալ եմ։

Լուսինե Հակոբյան

Կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչև կարանտինը և կարանտինից հետո։ Կարանտինից առաջ, երբ հանդիպում էինք,
գրկում էինք իրար, ջերմ զրուցում, չվախենալով, որ ինչ-որ անտեսանելի երևույթ մեզ կարող է բաժանել։ Չվայելած գարունը այս ճամփորդությունով վայելեցի. ագահորեն շնչում էի գարնան վերջին մաքուր օդը։ Իմ կյանքում չէր եղել այսպես, որ փակված նստեի տանը։ Այս ճամփորդությունը հնարավորություն տվեց հանդիպել իմ ընկերներին, դուրս գալ, ստանալ ազատություն, որ հաճույք ստանամ գարնանային Հայաստանից։ Ամեն ծառ ու թուփ, քար ու հող հայրենի անտառներից եկած թփերի հոտը, Հրազդան գետի անուշ ձայնը, կանչում էր մեզ, ստիպում ագահորեն նայել, վայելել ։
Հրաշալի օր անցկացրի ինձ հարազատ մարդկանց հետ։ Այս ճամփորդությունը մի մեծ հնարավորություն էր հետ բերելու իմ չվայելած գարունը։Շնորհակալ եմ սիրելի մարդիկ, որ դուք կողքիս եք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s