Կոմիտասի նամակը Կարապետ Կոստանեանին

IMG_1416Կոմիտասի նամակը Կարապետ Կոստանեանին ( հայագետ, մանկավարժ, եղել է ուսուցիչ էջմիածնի Գևորգյան ճեմարանում)

1897, Բեռլին

Մեծապատիւ պարոն Կարապետ Կոստանեան
Յարգոյ Տէր,
Վաղուց էի ստացել Ձեր նամակը, բայց հիւանդութեանս պատճառով (երկու շաբաթ սաստիկ ջերմով բռնուեցայ) եւ ստիպողական պարապմունքներիցս, մի փոքր ժամանակ իսկ, կորզել չկարողացայ պատասխանն անմիջապէս գրելու համար․ անկողնից նոր էի ոտքի ելել, երբ ստացայ Ձեր Նոր տարիս շնորհավորող տոմսը։ Յիրավի՛ Նոր տարի է ինձ ուսման վայրում գտնուելը․ իմ տօներն եւս լայնածաւալ երաժշտական աշխարհի բազմազան երկերի մէջն են տօնուում․ իւրաքանչիւր ժամն ու րոպէն աչքիս առաջ պարզում են մի ապագայ տեսարան լիուլի անսպառ գործնէութեան հոգածութեամբ։

Ձեր խրախուսական նամակը, որպիսիներին միշտ կարօտ եմ բանդխտութեանս օրերում, քաջալերեց եւ ուժ տուեց ինձ, գոնէ կա՛յ մէկը, որը կարող է դիտելու եւ գնահատելու։ Քանի խորունկն եմ մտնում երաժշտական ծիծաղածին ծովի մէջ, նոյնքան պնդուում է համոզմունքս, թե՝ մեր ե՛ւ ժողովրդական ե՛ւ եկեղեցական աննման ու վեհ եղանակները, որոնք քոյր եղբայր են շա՜տ վաղուց, ապագայում նոյնպէս օտարների համար ուսումնասիրութեան աղբիւր պէտք է դառնայ, որովհետեւ արմատը շատ խոր հնութիւն է տանում հասցնում, մինչեւ հայի ծագումը, ա՛յնտեղ, նորանից անբաժան, ծլում եւ նորա՛ հետ է մեզ հասնում։
Ուսուցչապետս միշտ կրկնում է․ Դուք ստեղծել էք երաժշտական ազնիւ եւ ինքնուրոյն ոճ, որ կարմիր գծի պէս ձեր ամբողջ գրուածքների եւ շարադրութեանց մէջ պայծառ անց է կենում․ այդ ոճը ես անուանում եմ Հայակական ոճ, ասում է, որովհետեւ  մեր երաժշտական ծանօթ աշխարհի համար նորութիւն է։ Մեր ազգային հին երգերին ազգային եղանակ յարմարեցնելու միտքն իմ մէջ եւս ծագել էր եւ այդ գլուխ կարող է գալ․ բայց շարականի եղանակների եւ բանաստեղծութեան տաղաչափական եւ շեշտական կանոնները պարզուելուց յետոյ, որովհետեւ եղանակների շեշտադրութիւնը գրեթէ չեն համաձայնում լեզուի արդի շեշտադրութեան կաննոներին եւ գործածութեան, ինձ թուում է, թե նախնիք այլ կերպ են շեշտադրութիւն ունեցել։ Հնագոյն եւ հեղինակներն անյայտ շարականների տաղաչափութիւնը շատ հետաքրքրական է, որ բաւական պարզուեցաւ ինձ համար, որովհետեւ երաժշտական շեշտադրութիւնը պահուած է երեւում, որին կից է եւ լեզուինը։

«Սիրոյ քո հուր»-ը յաջողեցա՞ւ երգելու, թե դժուարացան․ շատ կցանկայի այս անգամ շարականից մի նմոյշ ուղարկել քառաձայն, տեսնելու, թե ինչպիսի՜ զգացմունքներ արտազեղել կարող են մեր երկնանուագ շարականների մեղեդիքը, բայց այս դէպքում զգուշութիւնն աւելի լաւ համարելու չուղարկեցի․ վախեցայ մի՛ գուցէ լաւ չերգեն եւ բանը խանգարեն դորանով, ուստի լաւ համարեցի այսքանը գրել, որ ինչքան կարելի է մեղմաձայն երգեցողութեան ընտելացնեն աշակերտներին․ միշտ միջակ ձայնով երգելու սովորութիւն ունեն։

Սիրոյ քո հուր․ ուսուցչական երգչախմբի կատարմամաբ, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում

Այդ բոլորը շա՛տ լաւ,  բայց ես չափազանց նեղուում եմ ապրուստի կողմից, յաճախ տկարանում եմ․ սնունդս ոչինչ է․ զբաղմունքներս շատ, մաշուել ու կմախք եմ դարձել․կարծեմ վերջըս այդպիսով կորուստ կլինի։ Շնորհակալ եմ, անցեալ անգամուայ ստացած 100 մանէթը պարտքերիս մեծամասնութիւնը ջնջեց․ այս անպիտան առարկան էլ չափազանց շատ է գնահատուում, որպէս եւ միւս գեղարուեստական ճիւղերը, շատ անգամ սնունդս եմ կտրում, որ ուսմանս փող հասցնեմ, բայց ․․․ Կարապետ Հայր սուրբն էլ անցեալները գրել էր տղայոց, թե՝ Կոմիտասն էլ այնտեղից է հարայ տալիս, ի զու՜ր չէ դիմում Մանթաշեանցին եւ այլն։ Մի՞թե չէ՛ իմանում, որ սկզբում դեռ 400 մանէթ էր ուզում տալ, միայն աներեսութեամբ կարողացայ 600-ի վճիռն ստանալ։ Է՜է․ երանի՜ անցած ժամանակներին, գո՛նէ մարդիկ կարողանում էին խաղաղասիրտ ուսումով զբաղուել․․․ Լա՛ւ է լռելը։

Մի փոքրիկ յօդուած եմ ուղարկում «Արարատ»-ի համար, եթէ արժանի դատուի թո՛ղ տպեն։
Վաղուց խնդրել եմ Կարապետ վարդապետից, որ աշակերտներից մէկին, զգուշութեամբ, Սամուէլ Անեցուց արտագրել տայ Նոտրագիր գիտելիքներ ձայների եւ երգերի մասին Ս․ Էջմիածնի ձեռագրերի մատենադարանից․ համար 1700, բայց ցարդ չե՛մ ստացել, խնդրեմ յիշեցրէ՛ք։

Տպարանում կամ Վեհարանում կարծեմ ստանում են «Արեւելք» լրագիրը․ շատ պարտաւորեցրած կլինէիք, եթե 1896 թուի 5600 համարը մի կերպ ինձ ուղարկել տայիք, շատ անհրաժեշտ է։ Այսքան։

Բոլոր ուսուցիչներին եւ Սուրբ Հարց ողջունեցէ՛ք իմ կողմից։
Առանձնակի Յարգարժան Տիկին Տիրուհուն յարգանացս Հաւաստիքը յայտնեցէք, սրտով ուրախ եմ, որ ինձ չէ՛ք մոռանում։ Ձե՛զ եւս ծանր օրերու, ծանր գործերի մէջ քաջողջութիւն եւ հաջողութիւն մաղթելով , մնամ միշտ՝
Աղօթարար
Խոնարհ ծառայ

Կոմիտաս Վարդապետ 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s