Կոմիտասի նամականի

Komitas_LettersՄարդուն ճանաչելու-իմանալու լավ միջոցներից են նամակները։
Քանի որ Կոմիտասին, այդ կերպ նաև իր երաժշտությունը իրապես ճանաչելու, մուգ-տխուր-սևավոր-եղեռնի քողից վերջապես հանելու անհրաժեշտություն, կարիք կա, այսպիսի շարք եմ առանձնացնում, հանրայնացնում իմ և այս ճանաչումը կարևորող մարդկանց համար։
Կոմիտասի նամականի․

Մաթեւոս Իզմիրլյանին 
1910թ

Վերջին 20-30 տարիները պատկերացնում են մեր հոգևոր երաժշտութեան աստիճանական անկումը՝ ընդհանուր հայ եկեղեցիներում: Ընկնում են և անյայտանում իսկական հայ հոգեւոր երաժշտութեան ստեղծագործութիւնները՝ շարականները և տեղի տալիս պատարագի երգեցողութեանց:
Պատարագի երգերն գրեթէ անխտիր օտարամուտ և անճաշակ եղանակներ են. Տաճկաստանում՝ տաճիկ-արաբ-յոյն, Պարսկաստանում՝ պարսիկ-արաբ, Ռուսաստանում՝ եւրոպական՝ մասնաւորապէս ռուսական, մայր երկրում՝ այս բոլորի գումարը, իսկ գաղթավայրերում, բացի Հին Ջուղայէն, աներևակայելի այլանդակութիւն, այսինքն ամեն տեսակ անշնորհք երաժըշտութիւն և ոչ մի ընդհանուր աղբիւր կամ ոճ երգերու։
Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, աւելին կասենք, ծաղրի առարկայ դարձած՝ յանձին տգէտ և անձնապաստան դպրապետների, որոնք չգիտեն իրանցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրօք կործանարար երաժշտութիւն: Ուստի և զարմանալի չէ այն ամայութիւնը, որ տիրում է հոգևոր երաժշտութեան մեջ…
Բուն ազգային եղանակները՝ հոգեշունչ, պարզ ու վսեմ շարականի երաժշտութիւնը, որ մեր նախնեաց նախանձելի հոգու պատկերներն ու հայելիներն են, որոնք մշտամրմունջ էին, այժմ դատապարտուել են արհամարհանքի, կորստի և նախատինքի, աւելին կասեմ՝ տանում են մեր սիրտն ու հոգին դէպի խեղդող, օտարական ճանապարհները: Եթե վերջին նշոյն էլ, որ մնացել է, մենք փչենք ու հանգցնենք, այն ժամանակ մեր աչքով կտեսնենք մեր սրտի թաղումը, ապա ուրեմն և մեր կեանքի գոյութեան վառարանի հանգչելը:
Շարականի երգեցողութեան անկման շատ նպաստել են երկար ու ձիգ, անմիտ ձգձգումները (անյարիր նախատօնակները (?), հանգստեան շարը, քաղուածոյ շարը, անտեղի ճոխացումները), որոնք փոխանակ ոգևորութիւն առաջ բերելու, խեղդել են մաքուրն ու պարզը. հասարակութիւնն այլևս ձանձրացել է երկարաբանութիւններից, որոնք միայն և միայն վերջին տարիների անճաշակ նորամուծութիւններն են:
Մեղրը քաղցր բան է, բայց շատ ուտել չէ կարելի: Իւրաքանչիւր մարդ, որքան էլ ջերմեռանդ, որքան էլ բարի քրիստոնեայ լինի, չէ կարող մարսել միանգամից այդքան խառնաշփոթ կերակուր: Եթէ երաժշտութիւնը, որի դերն է կրթել և ազնուցնել հոգևոր երաժշտական զգացմունք՝ փչելով հաւատացեալի հոգու և սրտի վերայ, աննպատակայարմար մատակարարութեամբ բաշխուի, անշուշտ անգամ կպատրաստէ և կխորտակէ սրտի քնքոյշ լարերը և ապա կկտրէ, կանջատէ սիրտն ու հոգին, որոնք անբաժան գործօն եղբայրներ են երաժշտութեան միջոցով մեր կեանքի մեջ:
Քանի ուշ չէ, պէտք է ձեռք զարնել վերքը բուժելու, ինչքան էլ որ թանկ նստէ մեր վերայ, թէ չէ վերջնական կորուստն աներկբայ է…

Տիրայր Վարդապետին 1911թ

Զմբլ Թորոս բիծա,
Շատ ես իք եղել հա՛. Փարիզից գնացել, ընկել ես Քիշնեւի շնատների մէջ. օխհա՜յ, շատ լաւ է եղել. կերա՞ր… ես, ինչպէս տեսնում ես, Համբարձումի մօտ եմ հիւր, վաղը կերթամ Փարիզ, Բերլին, Վիեննա և ապա Կ.Պոլիս:
Շատ բարևներ քեզ՝ քաչալութեանդ:
Քոյդ Կոմիտաս

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s