Հոկտեմբերի 5-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում սեբաստացիներիս առանձնակի ոգեշնչումով համախմբողը Շառլ Ազնավուրն էր․․․ Կոմիտաս, Եկմալյան, Էդգար Հովհաննիսյան․ մաեստրո Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի, մենակատար Թամարա Մոսինյանի երգ- աղոթքը, եկեղեցու քահանա տեր Զենոնի օրհնություն-խոսքը շնորհակալություն, խոնարհում էր լուսավոր, միշտ լուսավոր Ուսուցչին։
Հետո Երևանի փողոցներով, Ազնավուրի, իր պոեզիայի նկատմամբ հուզումով միասնական քայլք-ընթերցումներ մինչև Շառլ Ազնավուրի հրապարակ։ Կարդում ենք․․․
Երբ դարերը շարվեշարան,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Խոր անցյալի քողով ծածկված մեզ այցի գան,
Երբ կատարյալ մի մոռացում իջնի վրաս,
Թեկուզ լույսի գեթ մի կաթիլ եթե մնա,
Թեկուզ մնա կրակ հանգած
Հոգուս դեռ տաք մոխրի վրա,
Որն իբրև թե երբեք, երբեք չի մահանում,
Որպեսզի ես անդորր գտնեմ տիեզերքում,
Հավիտյանս հավիտենից,
Հավիտյանս հավիտենից,
Ինչպես կյանքում այս իրական,
Սե՜ր իմ, սե՜ր իմ,
Քեզ կփնտրեմ,
Քեզ կկանչեմ,
Քեզ կգտնեմ,
Քեզ կպահեմ,
Կփայփայե՜մ
Հուր հավիտյան, հուր հավիտյան …
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի, Արմինե Թոփչյանի