Սրտանց վերցնում են էն, ինչ սրտանց է տրվում…

IMG_8086«Սեբաստացիներ» երգչախումբ, ոգեղեն մարդկանց հավաքանի… Երգեցիկ ուսուցիչների խումբ…Որ՞ն է այս ուսուցչական երգչախմբի առաքելությունը:
Այն, որ շաբաթը երկու անգամ բարձրակարգ մասնագետի`մաեստրո Թոփիկյանի հետ շփումը մի առանձին հաճույք է, հոգու տոն, ոգեղենի փոխանցում, անքննարկելի փաստ է: Այն, որ շաբաթական այդ երեք ժամը, կոմիտասյան հոգևոր շնչի հետ առնչվելով, քեզ մաքրված ու վեհացած ես զգում, կենցաղի մրուրից սրբված ու վերերկրային ոլորտներից նոր շունչ ստացած, էլի ակնհայտ իրողություն է: Բայց բացի էս ամեն ինչից՝ երևի թե երգչախմբի բոլոր անդամներն ունեն մի այլ, կարևոր  զգացողություն էլ`կարևոր գործ անողի, օգտակար ու շնորհակալ աշխատանք կատարողի զգացողություն:

Մարինե Ոսկանյանի երգուսուցումը Գյուրիի եկեղեցում:

Մենք ունենք այն գիտակցումը, որ անվճար ստացածը անվճար էլ փոխանցելու հնարավորություն ունենք: Մենք, որքան էլ երգ ու երաժշտությունը կարևորող, սիրող ու գնահատող մարդիկ ենք, նախևառաջ ուսուցիչներ ենք, և մեզ համար մշակույթի փոխանցումը սկզբունքային նշանակություն ունի: Եվ դա է թերևս այն հիմնավորումներից մեկը, թե ինչո՞ւ է մաեստրո Թոփիկյանը ցանկացել ունենալ ուսուցիչների՝ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց երգչախումբ, թե ինչու է տիար Բլեյանը առանց ուժ ու եռանդ խնայելու այդքան աջակցել և աջակցում երգչախմբի կայացմանը:

Ահա հենց դա է պատճառը, որ այսքան կարևորում ենք Հայաստանի շրջաններում այս շրջագայությունները, հոգևոր-մշակութային արշավները: Այս ճամփորդությունները  մի ուրիշ իմաստ են տալիս մեր երգչախմբային գործունեությանը, մի ուրիշ խորհուրդ ունեն իրենց մեջ, մի ուրիշ կարևորություն:

Մենք ուսուցիչներ ենք: Մեր առաքելությունը փոխանցելն է: Մենք մեր գործի նվիրյալներն ենք: Մենք հավատարիմ ենք մեր սովորող-սովորեցնող ծրագրին: Սակայն գիտենք նաև, որ և’ սովորելը, և’ սովորեցնելը միաշերտ, միագիծ գործողություն չէ, այն միայն սովորական ուսուցիչ-աշակերտ հարաբերություն չէ: Դպրոցը միայն չորս պատը չէ, և սովորողն էլ միայն այդ չորսպատանի դպրոցի ներսում չէ: Ե’վ սովորելը, և’ սովորեցնելը բազմաբովանդակ, բազում նրբություններ ունեցող գործընթաց են, երբեմն նաև ոչ ակնհայտ, երբեմն նաև անիմանալի…
Տեսնո՞ւմ եք Ազատան գյուղի այս պատանիներին, ուսուցիչներին, բնակիչներին… Ի՞նչ տվեցին նրանց եկեղեցում հնչող մեր հոգևոր երգերը, այս պարզ ու անմիջական պարերգերի շարքը, մեր խոսքուզրույցը տարբեր խմբերի հետ: Ո՞վ կարող է ասել: Մենք տեսնում էինք նրանց ոգևորված դեմքերը, շնորհակալական հայացքները, լսում էինք ջերմ խոսքերը: Իսկ իրականում մենք ի՞նչ փոխանցեցինք, ի՞նչ ստացանք, ի՞նչ մնաց նրանց, ի՞նչ տարանք մեզ հետ, ի՞նչ շարունակություն կունենա այս հանդիպումը… ո՞նց կիմանաս: «Ամենակարևորը աչքով չես տեսնի, միայն սիրտն է սրատես»,-կասեր Էքզյուպերին: Իսկ մեր սիրտն ասում է, որ մեր սրտանց տվածն էլ սրտանց վերցրին մարդիկ`ժպիտով, սիրով ու շնորհակալությամբ:

Եվ մի բան էլ: Այս տեսագրությունների մոնտաժային աշխատանքը կատարել եմ հեռախոսով: Իսկ դա ինձ սովորեցրեց Մարինե Մխիթարյանը՝ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի մեր երկրորդ դասարանի դասվարը: Սովորեցրեց այս ճամփորդության ընթացքում, երթուղայինի մեջ: Ուսումնական ֆիլմերի մոնտաժային աշխատանքներ վաղուց եմ անում, լուրջ-մոնտաժային ծրագրով: Բայց այսքա՜ն հեշտ, այսքա՜ն մոբիլ, այսքա՜ն ձեռքի հետ երբեք ոչ մի նյութ չեմ արել: Իսկ երբ ուսումնական ֆիլմեր անելը քո ամենօրյա աշխատանքի մի մասն են կազմում, արագությունն ու մոբիլությունը կարևոր են դառնում: Ասում եմ, չէ՞, սովորելու գործընթացը անընդհատ է, ամենուր, և քո ուսուցիչը ցանկացած մեկը ցանկացած վայրում կարող է դառնալ, ով տալիք ունի, իսկ դու՝ դա վերցնելու պահանջ: Ուսուցման վայրն էլ երբեմն կարող է դառնալ նաև երթուղայինը: Այ, այսպիսի բաներ… Շնորհակալ եմ, Մարինե ջան:
Այնպես որ,  դժվար է ասել՝ ինչ ենք  ստանում-վերցնում յուրաքանչյուրս այս մշակութային արշավներից: Բայց որ վերցնում ենք, դա հաստատ է՝ իրարից, մեր՝ իրար նկատմամբ վերաբերմունքից, մարդկանցից, ում հետ շփվում ենք, եկեղեցուց, բնությունից… Ով՝ ի՞նչ, ինչպե՞ս և ինչքա՞ն… Ո՞վ կիմանա…

Աղբյուրը՝ Մարիետ Սիմոնյանի բլոգ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s