Շնորհակալ եմ հեքիաթս վերադարձնելու համար…

img_20170627_193254_770Երգարվեստը դա մի անծայրածիր աշխարհ է, որի մի փոքրիկ մասնիկն անգամ կազմելը մեծագույն հաճույք է: Այն խլում է շատ ժամանակ, պահանջում է նվիրում, պարտադրում պատասխանատվության, բայց միևնույն ժամանակ այն քեզ տեղափոխում է մի աշխարհ, որտեղ մտքիդ թռիչքը անսպառ է, փոխանցում է բազում դրական լիցքեր և աննկարագրելի էմոցիաներ:

Ես այն երջանիկներից եմ, որ այդ արվեստի մի մասնիկն եմ կազմում դեռ վաղ մանկությունից, ընդամենը 7 տարեկանից: Թեև այդ ժամանակ ես ունակ չէի հասկանալ, թե ինչ աշխարհ եմ մուտք գործում, բայց այն իմ մանկությունը դարձրեց պայծառ, գունեղ, հեքիաթային:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ, այսպես էր կոչվում այն հեքիաթը, որտեղ ես պատիվ ունեցա ապրել շուրջ 18 տարի: Այստեղ մենք ապրում էինք, մենք  զգում էինք, ստեղծագործում էինք: Մենք վայելում էինք ամեն օրն ու ամեն ժամը: Այստեղ մենք սովորում, ինքնահաստատվում, ինքանդրսևորվում և կայանում էինք:  Ունենում էինք հաղթանակներ-պարտություններ, հաջողություններ-անհաջողություններ, ձեռքբերումներ և անկումներ: Սա կյանքի դպրոց էր, որտեղ հաջողություններն ու ձեռքբերումները ոգեշնչում, ոգևորում և պարտավորեցնում էին, իսկ պարտություններն ու անկումները ավելի ուժեղ էին դարձնում և առաջ մղվելու անհագ ցանկություն առաջացնում:

Հագեցած և բուռն առօրյա. շրջագայություններ աշխարհով մեկ, միջազգային մրցույթներ, փառատոներ, ամենատարբեր ելույթներ այնպիսի բեմերում և այնպիսի աշխարահռչակ երաժիշների հետ, որոնց մասին կարելի էր միայն երազել:

Թեև արդեն տարիքս չէր ներում, որ շարունակեմ գործունեությունս երգչախմբում և թվում էր ամեն ինչ ավարտվում է, սակայն գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի կողմից ստացա առաջարկ մնալ երգել երգչախմբում և աշխատել, որպես մաեստրոյի օգնական: Առաջարկը մեծագույն պատիվ էր, գնահատված լինելը՝ անչափ հաճելի:

Հեքիաթային մանկությունից, ոտք դրեցի հոգևոր աշխարհ: Անահիտ Պապայանը, ով իմ մանկության տարիների ավագ ընկերն էր, հրավիրեց երգելու իր երգչախմբում՝ «Գեղարդ» երգեցիկ խմբում: Պրոֆեսիոնալ, այս երգչախումբը՝ բաղկացած ընդամենը 8 հոգուց, ամեն կիրակի երգում էր Գեղարդավանքում:  Երջանկություն էր, լինել այդ փոքրիկ, մաքուր, խաղաղ ու ջերմ միջավայրում: Այն կարծես հոգեթերապիա լիներ թե՛ քեզ համար, թե՛ այն մարդկանց, ովքեր լսում էին քո հոգևոր երգեցողությունը: Դա կարծես մաքրում էր  ներաշխարհդ ու դու ամեն անգամ, զգում էիր քեզ ինչպես նոր ծնված ժամանակ՝ մաքուր, հանգիստ, խաղաղ սրտով:

Երիտասարդ աղջիկը, ով ունեցել էր լուսավոր մանկություն, պայծառ դեռահասույթուն, ստիպված եղավ մտնել կյանքի նոր փուլ, որտեղ գույները նախկինի պես բազմազան չէին, ամեն ինչ գորշ էր… Դժվարությունները, կյանքի դաժանությունները ստիպում էին մտածել. «հեքիաթն ավարտված է»…….Միշտ ժպտացող տեսակը դադարում էր անկեղծ ժպտալ, նրա ժպիտի ետևում թաքնված էր, թախիծ, կսկիծ, հարցեր…. Հարցեր, որոնք չունեին պատասխաններ….

Բայց կյանքում ամեն բան ունի իր սկիզբն ու ավարտը… Երբ քո առջև փակվում մեկ կամ երկու կամ ավելի դռներ, միևնույն է բացվում է մեկը, որի բացվելուն պես դու մոռանում ես մնացյալ բոլոր փակ դռների մասին:Երբ դու հնարավորություն ես ստանում սկսել նոր կյանք՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով, նոր հրաշքի կատարման մեծ հույսով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժիշտ է պետք… Սա հենց այն դուռն էր, որն ինձ համար այդ պահին փրկություն էր, այն  կրկին ինձ կտեղափոխեր իմ հեքիաթ՝ երաժշտության աշխարհ, որտեղ ինձ տաք է, այն իմ տարերքն է:

2016թ. սեպտեմբերի 22…Սիրտս արագ էր բաբախում, հուզմունքս աննկարագրելի էր, էմոցիաներս՝ խառը, սպասումներս՝ շատ: Մոտեցա կրթահամալիրի Արևելյան դպրոց՝  աշխատանքի ընդունվելու… Յուրաքանչյուր նոր միջավայրում քեզ դիմավորում են բարեկիրթ, բայց սառը վերաբերմունքով:  Այստեղ ամեն ինչ արի ու տես այլ էր…. Այնքան ջերմություն, հոգատարություն և անկեղծություն ինձ փոխանցեցին, որ ինքս ինձ ասացի — «փաստորեն, հրաշքներ կյանքում դեռ լինում են»:

Աստիճանաբար ծանոթացա կրթահամալիրի կարգերին ու բարքերին… Իմացա, որ ուսուցչական երգչախումբ էլ կա, մեծագույն հետաքրքրությամբ գնացի առաջին փորձին…  Մաեստրո Հարություն Թոփիկյան… փորձը սկսվեց Խորհուրդ խորհին շարականով…Աստված իմ… ինչ սիրուն էին երգում, ինչ պրոֆեսիոնալ էին երգում… իրենցից շատերը նույնիսկ չունեն 7-ամյա երաժշտական կրթություն: Ամեն մեկը ունի փոքրիկ,լուսավոր, մաքուր, պարզ ձայն ու այդ բոլորը մեկտեղելով Մաեստրոն այնպիսի բացարձակ մաքուր հնչողություն է ստանում, որ երանի մեզ լսողներին… Սիրեցի, այն դարձավ իմ երգչախումբը… իմ լուսավոր կենտրոնը, որտեղ կարելի է մեկ ու կես ժամ անընդմեջ երգել և չհոգնել, գերագույն հաճույքն ու մաքրությունն ապահովված է:

Այսօր այն իմ առօրյան է, իմ կյանքը: Այստեղ ես ինձ լիարժեք եմ զգում, այստեղ կտրվում եմ կենցաղային խնդիրներից: Այն ինձ հաղորդում է բազում դրական էմոցիաներ, այն ինձ  ուժ և լավատեսություն է  հաղորդում՝ ստեղծագործելու, ապրելու և արարելու անհագ ցանկություն:

Շնորհակալ եմ, որպես մասնագետ, որպես մարդ  ինձ այս մեծ ընտանիքում տեղ տալու համար….

Շնորհակալ եմ հեքիաթս վերադարձնելու համար…..

Advertisements

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s