Արմավի պես քաղցր Ջավախյան եռօրյան

DSCN1555

Երեք օր, երեք բառերի ընդհանրականում՝ ջերմ, հոգևոր, կապույտ:

Ջերմ

Առաջին անգամ էի Ջավախք աշխարհում: Ճանապարհը երկար էր, կանաչ, բլրաշատ, բայց հոգնեցուցիչ: Բավրայում ցուրտ էր, անհասկանալի ցուրտ, առաջին կանգառն արեցինք եկեղեցում, որը անցակետից քիչ հեռու էր:Արդեն հեռվում նշմարվում էր հայկական մաքսակետը՝ կիսասառած մաքասավորների անհաղորդ դեմքերով: Չնայած ցրտին, սեբաստացիական քարվանը կտրեց, անցավ մեկ կիլոմետրի չափ ձգվող ճանապարհը`հարևան պետություն տանող: Հասանք վրացական անցակետին: Նույն անհաղորդ, նույն փնչացնող ու վատը փնտրողի դեմքով մարդիկ․․․
Վերջապես Ջավախքում ենք: Ջավախքո՞ւմ ասացի: Զգացողություններիս մեջ բան չփոխվեց՝ ասես Հայաստանից չէի էլ հեռացել: Նույն հայկականությամբ շնչող հողը, բլուրները, կանաչը: Դեռ թարմ էր վրացական անցակետում սառը ընդունելության տպավորությունը, երբ հասանք Ախալքալաք: Ընթերցողը կհարցնի՝ բա ջերմ բառը ինչու՞ եմ որպես գլխագիր ընտրել: Ասելիքս հիմնավորեմ․ դպրոցի մուտքին սպասողների ջերմության ու ժպիտների, հարազատության ալիքը մեզ իր գիրկն առավ։ Սիրո ալիք՝ Լելա անունով: Լելային իհարկե Հայաստանում հանդիպել էի, բայց հմայքը, հզորությունն ու կախարդանքը սեփական հողում կրկնապատկվել-եռապատկվել էր: Լելային տեսնելիս, աչքերի լազուր խորության մեջ խորասուզվում, մոռանում ես խոսքդ ու հիանում։ Երեք օրերի ընթացքում, միայն մի միտք էր պտտվում գլխումս, Թումանյանի Թմբկա տիրուհու պատկերը՝

Ծով են աչքերը Ջավախքի դըստեր,
Ու կորչում է մարդ նըրա հայացքում,
Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,
Որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում։

Ու չկա ավելի տիպիկ նկարագրություն, քան այս քառատողն է…
Սևազգեստ, անշպար, համեստ կինը, կյանքումս տեսած գեղեցիկ կանանցից մեկն է: Արագաշարժ, հզոր, խելացի, նրբանկատ՝ ամեն ինչ նկատող, ամենքին նկատող:

 

Հոգևոր.

Դպրոցի մուտքի մոտ մեզ դիմավորեցին հոգևորականները՝ առաքելական և ուղղափառ եկեղեցիների հոգևոր այրերը: Տեր Բաբկենը՝ թեթև, զվարճախոս, հայ քահանան, այնքան պարզ էր իր էության ու տեսակի, իր խոսքի մեջ, որ ակամայից հարազատական զգացում էր առաջացնում: Կատակասեր մարդ է։ Ասում էր, որ ինքը ավելի շուտ Ախալքալաքի բարբառը սովորեց, քան վրացերենը, իսկ ահա վրաց Սրբազանը կամ ավելի ոգեղեն անվանարկմամբ ՝ Владыкан, ի զարմանս ինձ, մասնագիտությամբ ֆիզիկոս, հայերեն սովորել էր՝ ապրելով հայերի հետ: Ինչ խոսք, տպավորիչ էին երկուսն էլ: Բայց ամենգլխավորի մասին, լռել չի կարելի:
Կացարանը, որտեղ մենք գիշերում էինք, արտաքին տեսքից՝ ճակատային հատվածից այնքան անշուք էր, որ մտքովդ չէր անցնի կռահել ներսում կառուցված աշխարհի մասին: Աշխարհ՝ աշխարհում: Միայն երեկոյան իմացանք, որ մենք հյուրընկալվել ենք Владыка- յի տանը կից հյուրատանը: Երեկոյան շրջայց կատարեցինք իր տանը, որը նրա թեթև ձեռքով դարձել էր ամենատարբեր իրերի ցուցադրության թանգարան: Միակ թանգարանն էր, որտեղ կար ամեն ինչ, բառի ամենալայն իմաստով՝ լուսնից բերված քարից մինչև ամենատարբեր ժամանակների թվագրվող սրբապատկերներ: Միակ թանգարանն էր, որտեղ կարող էիր ձեռք տալ ցուցանմուշներին որքան սիրտդ կկամենար: Հետաքրքիր մարդ էր Տեր հայրը՝ սանրվածքով, խոսքով, աչքերի հետաքրքիր խորը դիրքով ու փայլով: Բակը՝ սքանչելի մի պուրակ: Տարածքը մեծ չէր, բայց ամենքս գտանք մի անկյուն նրա թանգարան-տանը, որը ավելի հարազատ թվաց մեր հոգուն: Ինձ գերեց շատ հին մի սրբապատկեր՝ զարմանալի զորությամբ: Ու լռեցի….

 

Կապույտ.

Ջավախքի երկինքը զարմանալիորեն գեղեցիկ էր, համենայնդեպս այն գրավիչ ու արտասովոր թվաց, ակամայից ինձ անընդհատ բռնացնում էի այն վիճակում, որ հայացքս վերև է՝ ամպերին, երկնքին՝լազո՜ւր-լազո՜ւր: Փարվանա լիճն էլ կապույտով մնաց, բազմած լեռների շղթայական պարում: Ջիվանու ծննդավայրԿարծախը, իր երկնափեշ բլուրներով, զարմանալի գյուղ էր՝ թուրքական սահմանին շատ մոտ: Գյուղը ամբողջապես հայաբնակ է: Այցի ընթացքում հաջողացրի ծանոթանալ ինքնատիպ, հետաքրքիր ծերուկի հետ, ով հարց ու փորձի դեմքով մոտեցավ ինձ, որ իմանա՝ ինչու՞ եմ նկարում գյուղը, իրենց տունը….: Եկավ ու մնաց: Սկսեց սիրով, գորովանքով իր գյուղի մասին պատմել, անվան ծագումնաբանությունը և այլն, և այլն: Միշտ հետաքրքիր է լսել նմանատիպ պատմություններ տվյալ տարածքի բնակչից, այն էլ բարբառով:
Կապույտ է նաև գետը Փարվանա, մաքուր ու կիրճը գեղեցկացնող, կենդանություն հաղորդող:
Կապույտի մեջ են Ջավախք աշխարհի մանուկները՝ խաղաղ, կարմիր այտերով, անուշիկ ու ակտիվ:

 

Նորից երկար ճանապարհ, սահման, մաքսակետեր ու Երևանյան հեղձուկ: Մենք տանն ենք:

Հ.Գ.- Չխոսեցի Վրաստանում Թամար թագուհու անձի մեծարման կարևոր փաստի, նրա թողած հարուստ բերդակառույց ժառանգության, Վարձիայի, Խերթվիսի ամրոցի մասին: Պարզապես, լուսանկարները հենց այն են, ինչը տպավորվել է, իսկ ահա, այն ամենը, ինչը չէի կարողացել լուսանկարել, կամ այն չէր ստացվել, շատ քիչ, բայց գրեցի:
Ինչ վերաբերվում է ճամփորդ սեբաստացիների խմբին, նրանց մասին անվերջ ու մեծագույն սիրով կարելի է գրել, պատմել․․․
Ջավախքը հզորացավ ու տպավորիչ դարձավ հե՛նց սեբաստացիական թիմի շնորհիվ։ Այլ կլիներ առանց երգչախմբի…
Ջավախքը փոխեց ինչ-որ բան, ամենքիս հոգում։ Կզգանք դա հիմա, թե հետո՝ չգիտեմ, բայց կզգանք․ հաստատ է:

Հ.Գ.- շնորհակալություն Տիար Բլեյանին, Արմինե Թոփչյանին, բոլոր ճամփորդներին

Սիրով՝ Սոնա Փափազյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s