Կրթահամալիրի հյուրն էր Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրժոր՝ Հարություն Թոփիկյան): Այդ շրջանում կրթահամալիրը պատրաստվում էր Սուրբ Երրորդություն եկեղեցում հոգևոր երգեր երգել: Մաեստրո Թոփիկյանը մեզ օգնեց: Երաժշտության զգացական աշխարհի, կատարողական արվեստի մասին նրա պատկերացումները, մեկնաբանությունը կյանքում առաջին անգամ ինձ ստիպեց մտածել նաև դիրիժորական վահանակի առջև կանգնելու մասին:
Օրեր անց գործընկերներիս հետ ինքս ներգրավվեցի նորաստեղծ «Սեբաստացիներ» երգչախումբ: Երգչախումբ, որտեղ երգում են միայն դասավանդողներն ու ծնողները, որտեղ երաժշտական կրթություն ունեն ոչ բոլորը, բայց, ինչպես ասում է մասետրո Թոփիկյանը՝ «ձայնի բարձրությունը ֆանտաստիկ մաքուր է»:
Իրականացավ ուսանողական տարիներիս երազանքը. երգում եմ երգչախմբում: Որպես կոլեկտիվ՝ երգչախումբը ենթադրում է ջերմություն, մտերմություն, ինչպես ընտանիքում, դասարանում: Միայն այն տարբերությամբ, որ ամեն օր չենք հանդիպում, և դա լավ է. հասցնում ենք միմյանց կարոտել: Իհարկե, պարապմունքներն էլ…
Մարդիկ մշտապես նոր ծանոթությունների, շփումների կարիք ունեն: Պարոն Թոփիկյանը կրթահամալիրի կյանք մաժոր ու լուսավոր նոր ակորդ ներմուծեց: Նրա շնորհիվ թե՛ մասնագիտական, թե՛ կենսական շատ գիտելիքներ ձեռք բերեցի:
Սիրով եմ սպասում երեքշաբթի-հինգշաբթի օրերին: Գիտակցված սպասումով: Երախտագիտության և բերկրանքի ներքին, հոգևոր զգացումով:
Հ.Գ. Շնորհակալ եմ տիար Բլեյանին և մաեստրո Թոփիկյանին:
Մերի Առաքելյան